Լոնդոնի «Արսենալ»-ի հույն պաշտպան Սոկրատիսն այն կարծիքին է, որ «զինագործները» պետք է հաղթեն Եվրոպայի լիգայում հանուն Մխիթարյանի, հայտնում է «Արմենպրես»-ը:
«Իհարկե, Մխիթարյանի բացակայությունը մեծ կորուստ է մեզ համար: Մենք շատ տխուր ենք, և հիմա պետք է հաղթենք հանուն Մխիթարյանի: Պետք է մեր խաղը խաղանք և հավատանք, որ կարող ենք: Եթե մենք 100 տոկոսով նվիրվենք և հաջողությունը մեզ մի քիչ ժպտա, ապա կհաղթենք»,- ասել է Սոկրատիսը:
Եվրոպայի լիգայի եզրափակիչ հանդիպումը կկայանա Բաքվում, մայիսի 29-ին: Եզրափակիչ խաղում միմյանց դեմ կմրցեն Լոնդոնը ներկայացնող երկու ակումբները՝ «Արսենալ»-ը և «Չելսի»-ն: «Արսենալ»-ը պաշտոնապես հաստատել է, որ Հենրիխ Մխիթարյանն անվտանգության նկատառումներից ելնելով չի մասնակցի հանդիպմանը: «Արսենալ»-ի երկրպագուները Change.org կայքում ստորագրահավաք են կազմակերպել, որով պահանջում են բոյկոտել եզրափակիչ: Ինչպես նաև երկրպագուները սկսել են սոցցանցերում օգտագործել #BoycotBaku հաշթագը: Ավելի վաղ անգլիական երկու ակումբների՝ «Արսենալ»-ի և «Չելսի»-ի երկրպագուները հետ էին վերադարձել մարզադաշտի 10 տոկոսը կազմող տոմսերը՝ մոտ 5800 տոմս: