ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը պատերազմի մոլագար է, որի գործողությունները կործանում են խաղաղությունն ու անվտանգությունը։ NEWS.am-ի հաղորդմամաբ, այս մասին ասվում է Հյուսիսային Կորեայի ԱԳՆ ներկայացուցչի մեկնաբանությունում, որը հրապարակվել է երկուշաբթի Կորեայի Կենտրոնական հեռագրային գործակալությունում։
Նշվում է, որ հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչության մեկնաբանությունը կապված է Բոլթոնի վերջին հայտարարության հետ այն մասին, որ մայիսին իրականացված զորավարժությունները տակտիկական հրթիռների արձակմամբ՝ խախտել են ՄԱԿ ԱԽ բանաձևը։
«Բոլթոնը հայտնի է որպես պատերազմի մոլագար, որն ավելի վաղ մեր երկիրն անվանել էր «չարիքի առանցք» և (Հյուսիսային Կորեայի դեմ) սադրիչ ռազմավարությունների մշակողն է, այդ թվում կանխիչ հարվածներ հասցնելու և պետական կարգի բռնի փոփոխության իմաստով: Բոլթոնը արժանի է, որպեսզի նրան անվանեն նախագահի օգնական խաղաղության և անվտանգության քայքայման գծով, այլ ոչ թե խորհրդական, որն աշխատում է անվտանգություն ստեղծելու համար»,- ընդգծվում է մեկնաբանությունում։
Հյուսիսային Կորեայի ԱԳՆ ներկայացուցիչն ընդգծել է, որ տակտիկական հրթիռների արձակումը մայիսի սկզբին սովորական պատրաստություն է, դրանք ուղղված չեն եղել որևէ մեկի դեմ, վտանգ չեն ներկայացրել հարևան երկրների համար և ինքնիշխան պետության իրավունքն են սեփական պաշտպանությունն ապահովելու նպատակով։
Ավելի վաղ Բոլթոնը Տոկիո այցի ընթացքում Հյուսիսային Կորեայի հրթիռների արձակումն անվանել էր ՄԱԿ ԱԽ բանաձևի խախտում, բայց և նշել, որ Վաշինգտոնի և Փհենյանի բանակցությունների շարունակումը Կորեական թերակղզում իրավիճակի կարգավորման վերաբերյալ դեռևս հնարավոր է։