Հայաստանը բավականին հավակնոտ բարեփոխումներ է նախաձեռնել, և ընտանեկան բռնության կանխարգելման հարցում միասին աշխատելով կկարողանանք ավելի արդարացի հասարակություն, ազատ և առողջ ընտանիքներ կառուցել: Այս արժեքներն իրագործելը չափազանց կարևոր է նաև մեր տեսանկյունից: Այս մասին այսօր «Ընտանեկան բռնությունը Հայաստանում. մարտահրավերներ և հնարավորություններ» խորագրով համաժողովին հայտարարեց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, հայտնում է Tert.am-ը:
«Մենք՝ որպես Եվրամիություն, պատրաստ ենք աջակցել այս նպատակների իրագործմանն ուղղված ջանքերին: Մենք միանում ենք այն պլանին, որն ունի կառավարությունը: Իրականում Հայաստանն ընդունել է օրենք ընտանեկան բռնության վերաբերյալ, բայց նաև հայտարարվել էր, որ պատրաստ են վավերացնել Ստամբուլի կոնվենցիան, ինչը, կարծում եմ, շատ կարևոր է: Բայց ամենակարևոր աշխատանքն այն է, որ այս ամենը դառնա մեր առօրյա աշխատանքի գործնական մասը»,- ասաց դեսպանը: