Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի առաջին փոխնախագահ և գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանն ամերիկյան CNN հեռուստաընկերությանը հարցազրույց է տվել` մեկնաբանելով Հայաստանի Ազգային հավաքականի և «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի` Բաքու չմեկնելու փաստը:
«Արսենալը», հիշեցնենք, մայիսի 29-ին Բաքվում կմրցի «Չելսիի» հետ` Եվրոպա լիգայի եզրափակչում.
«Սա այն դեպքն է, երբ Մխիթարյանը ներկայացնում է «Արսենալը», և ոչ Հայաստանի հավաքականը:
ՀՖՖ-ն իհարկե հետևում էր իրավիճակին: Բաքու չմեկնելու որոշումը կայացրել են ակումբն ու ֆուտբոլիստը ու մենք հավատում ենք, որ այս իրավիճակում դա լավագույն որոշումն էր:
ՀՖՖ-ն հասկանում է, որ կան մի քանի պատճառներ ու դրանցից մեկն այս թեմայի գերքաղաքականացումն էր ընդունող երկրում: Ըստ մեր լուրերի, Մխիթարյանին խորհուրդ են տվել հայկական դրոշը չցուցադրել Բաքվում, ինչն անընդունելի է մեզ համար: Երկրպագուները հիշում են, 2 տարի առաջ Ստոկհոլմում կայացած եզրափակչից հետո Մխիթարյանը, որը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում խաղի հերոսներից մեկն էր, պարզել էր հայկական դրոշը:
Եթե խոսում ենք անվտանգության մասին, պետք է նաև անվտանգ լինել հաղթանակի դեպքում դրոշը պարզելու հարցում:
Մենք մի շարք մտահոգություններ ունենք, ու դրանցից մեկն այն է, որ Ադրբեջանը մերժել է մուտքի արտոնագիր տրամադրել բրիտանահայ երկրպագուներին: Սա հիասթափեցնող է: Հայաստանում, իհարկե, շատ երկրպագուներ կան, ովքեր «Արսենալին» երկրպագում էին դեռ նախքան Մխիթարյանի` այդ ակումբ տեղափոխվելը, ու նրանք ևս չեն կարող մեկնել Բաքու` ներկա գտնվելու եզրափակիչ խաղին:
Շատ վատ է, որ մարզիկը պետք է ընտրություն կատարի մարզական միջոցառման և անվտանգության միջև: Դա արդար չէ:
Մենք նախապես հավատո՞ւմ էինք, որ նա չի մեկնելու. ոչ: Մենք պարզապես հարգում ենք ֆուտբոլիստի որոշումն ու աջակցում ենք նրան»,- ասել է Արմեն Մելիքբեկյանը, հայտնում է armsport.am-ը: