Սերբիան պետք է խոստովանի, որ այլևս չի վերահսկում իրավիճակը Կոսովոյում, նախագահ Ալեքսանդր Վուչիչի խոսքերը, որը հանդես է եկել խորհրդարանի առջև, փոխանցում է ՌՏՍ-ն։
Նա նաև ընդգծել է, որ Սերբիան պետք է ընտրի, թե ինչպես զարգացնի հարաբերություններըԿոսովոյի հետ. «պահպանե՞լ սառեցված հակամարությունը», թե՞ հարաբերություններ հաստատել։
«Ես որոշել եմ չշարունակել սուտն ու ինքնախաբեությունը, ես ասացի բոլորին, որ չկա Սերբիայի իշխանությունը, չկա մեր կառավարությունը Կոսովոյում և Մետոխիայում, ինչը չափազանց կարևոր է առողջապահության և կրթության համար, և մենք պետք է դադարեցնենք խաբել մեր սեփական հասարակությանը»,- ընդգծել է նախագահը։
Ընդ որում՝ ըստ նրա, նա ինքը հանդես է գալիս չճանաչված հանրապետության հետ հարաբերությունների բարելավման դիրքերից, հաղորդում է News.am-ը։
Վուչիչի դիմումը խորհրդարանին և ազգին Կոսովոյում և Մետոխիայում իրադրության մասին տևել է ավելի քան երկու ժամ։ Ելույթի ընթացքում նա շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին և անձամբ Վլադիմիր Պուտինին այս հարցում օգնության համար, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
1999-ին Կոսովոյի ազատագրական բանակի ալբան անջատականների և Սերբիայի ոստիկանության զինված դիմակայությունը հանգեցրեց Հարավսլավիայի (որն այն ժամանակ կազմված էր Սերբիայից և Չեռնոգորիայից) ռմբակոծմանը ՆԱՏՕ ուժերի կողմից։
2004-ի մարտին Կոսովոյի ալբանացիները ջարդեր կազմակերպեցին, որոնք հանգեցրին սերբերի զանգվածային արտաքսման երկրամասից և բազմաթիվ պատմամշակութային հուշարձանների ոչնչացման։
Կոսովոյի ալբանական կառույցները Պրիշտինայում 2008-ի փետրվարի 17-ին միակողմանի կարգով հռչակեցին անկախություն։ Հանրապետությունը չեն ճանաչում Սերբիան, Ռուսաստանը, Չինաստանը, Իսրայելը, Իրանը, Իսպանիան, Հունաստանը և մի շարք այլ երկրներ։
Երեք տարի անց Բելգրադը Բրյուսելի ճնշմամբ և Եվրամիության հետ մերձենալու նպատակով ստիպված էր բանակցություններ սկսել կոսովցի ալբանացիների հետ հարաբերությունների կարգավորման մասին։ Հիմա երկխոսությունը դադարեցված է։