Աշոտ Ղուլյանը Հանրապետության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Արարատ Միրզոյանին.
«Հարգելի պարոն Միրզոյան,
թանկագին բարեկամ,
ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և ՀՀ ԱԺ մեր գործընկերներին Հանրապետության տոնի առթիվ:
Ավելի քան մեկ դար առաջ հայության վճռականությունն ու պայքարելու անկոտրում կամքը ծնեցին Հայաստանի առաջին հանրապետությունը՝ ամրագրելով սեփական ճակատագիրը տնօրինելու դարերով կորսված իրավունքը: Թեև հայոց անկախ պետականության այդ ժամանակաշրջանը կարճատև էր, այնուամենայնիվ աչքի ընկավ փառահեղ դրվագներով և ազգային պետության ինստիտուցիոնալ զարգացմանն ուղղված քայլերով:
Մեր նորագույն պատմության այդ կարևոր ձեռքբերումն այն հուսալի հիմքն էր, որի վրա 1991թ. կառուցեցինք երկու հայկական հանրապետությունները՝ մեր միասնությամբ ապահովելով հայրենիքի կենսունակությունը:
Առիթն օգտագործելով՝ ցանկանում եմ երախտագիտություն հայտնել Ձեզ երկու խորհրդարանների միջև համագործակցության ամրապնդման ուղղությամբ ներդրվող ջանքերի և նվիրումի համար, որի լավագույն օրինակը Երևանում ՀՀ ԱԺ և ԱՀ ԱԺ միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նիստի բարձր մակարդակով կազմակերպումն ու ջերմ ընդունելությունն էր:
Վերստին շնորհավորելով այս կարևոր տոնի առթիվ՝ մաղթում եմ անսպառ եռանդ և հայրենանվեր նախաձեռնություններ՝ հանուն հայոց պետականության զարգացման ու առաջընթացի»,-ասված է Արցախի խորհրդարանի ղեկավարի շնորհավորական ուղերձում: