Ստալինի նախկին ամառանոցը և ևս չորս բարձիթողի հանգստյան տներ Ծխալթուբոյում (Քութայիսից 15 կիլոմետր հեռու) կսեփականաշնորհվեն։ NEWS.am-ի փոխանցմամբ, այս մասին տեղեկացրել են Վրաստանի էկոնոմիկայի նախարարության Գույքի ազգային գործակալությունում, հաղորդում է «Նովոստի-Գրուզիան»։
«ԱՊՀ երկրներում հանրահայտ բրենդ լինելով՝ Ծխալթուբոն սպասարկում էր 300 մլն մարդու։ Ամառանոցը հարուստ է եզակի հանքային ջրերով։ Ծխալթուբոյի աղբյուրներն օգտագործվում են որպես հավելում հիվանդությունների բուժման ժամանակ, ներառյալ սրտանոթային, հենաշարժողական, նյարդային, գինեկոլոգիական և մաշկային հիվանդությունները»,- ասվում է գործակալության կայքում։
Բացի Ստալինի ամառանոցից, խոսքը «Իմերեթի», «Բարեկամություն», «Ֆիլիալ» և «Սավանե» տների վաճառքի մասին է։ Ընդհանուր արժեքը 21 մլն լարի է (7,5 մլն դոլար)։
Ինչպես լրագրողներին ասել են գործակալությունում, վաճառքից հետո դրանց նշանակությունը չի փոխվի, և բարձիթողի շենքերը կվերասարքավորվեն հյուրանոցների։ Միաժամանակ, սեփականաշնորհման կոնկրետ պայմանները որոշվելու են ներդրողի շահերի հիման վրա։
Սեփականաշնորհման արժեքը սահմանվել է 2018-ին։ Ամենաթանկը դրանցից Ստալինի ամառանոցն է։ Խորհրդային առաջնորդի նստավայրը, որը կառուցվել է 1940-ին ճարտարապետ Նիկոլայ Սևերովի կողմից, գնահատվել է 8,4 մլն լարի (ավելի քան 3 մլն դոլար)։ Համալիրի մակերեսը 250,7 հազար քառակուսի մետր է։
5,2 մլն լարի (1,8 մլն դոլար) գործակալությունում գնահատել են «Բարեկամություն» առողջարանը։ Առողջարանի մակերեսը, որը կառուցվել է 1937-ին, կազմում է 104,1 հազար քառակուսի մետր։
1961-ին կառուցված «Իմերեթին» նախատեսված է 300 անձի համար և զբաղեցնում է 41,1 քառակուսի մետր տարածք։ Նախնական արժեքը 3 մլն լարի է, (1 մլն դոլար)։
«Նախկին «Ֆիլիալ» առողջարանի համար սահմանվել է 1,9 մլն լարի (707,6 հազար դոլար)։ Կառուցվել է 1939-ին, 34 հազար քառակուսի մետր մակերեսով։
«Սավանեն» (2 մլն լարի կամ 739,5 հազար դոլար) ամենափոքրն է հինգ առողջարաններից, որոնք ներկայացված են վաճառքի։ 1975-ին կառուցված համալիրը հաշվարկված է 150 անձի համար և զբաղեցնում է մոտ 14,5 հազար քառակուսի մետր տարածք։
Անմիջապես վաճառքից առաջ առոջղարանների արժեքը կվերանայվի։ Դա նշանակում է, որ մասնավորեցման արժեքը կարող է հայտարարվածից ցածր լինել կամ մնալ առանց փոփոխության։
Ծխալթուբոն հայտնի է իր ռոդոնային հանքային ջրերով։ 17-րդ դարի պատմական աղբյուրներում դրանք հիշատակվում են որպես «անմահության ջրեր»։ 1920-ին աղբյուրներն անցան պետության հսկողության տակ և ստացան առողջարանային գործառույթ։ Խորհրդային շրջանում Ծխալթուբոյում կառուցվել է 19 առողջարան և պանսիոնատ։
1991-ին, երբ ԽՍՀՄ-ը փլուզվեց, դրանք բոլորը հանվեցին շահագործումից։ Դրանցից շատերը բնակեցվեցին փախստականներով, որոնք ստիպված էին հեռանալ Աբխազիայից։