Գերագույն ռադան չի ընդունել Ուկրաինայի վարչապետ Վլադիմիր Գրոյսմանի հրաժարականը: Պաշտոնաթողության վերաբերյալ կառավարության ղեկավարի խնդրանքը մայիսի 30-ին պաշտպանել է 97 պատգամավոր՝ անհրաժեշտ նվազագույն 226-ի դեպքում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: Այսպիսով, կառավարությունը կշարունակի պարտականությունները կատարել ամբողջ կազմով:
Քվեարկությունից առաջ Գրոյսմանը հայտարարեց, որ կընդունի Ռադայի ցանկացած որոշում: Քվեարկությունից անմիջապես հետո Գրոյսմանը հայտարարեց, որ պատրաստ է շարունակել աշխատանքը, նշելով, որ երկրում այժմ բարդ իրավիճակ է: «Օրինակ՝ այս տարի մենք պետք է 417 մլրդ գրիվնա (15,6 մլրդ դոլար) վճարենք պետական պարտքի սպասարկման հաշվին, իսկ դա Ուկրաինայի բյուջեի երրորդ մասն է»,-ընդգծել է վարչապետը:
Նա խոստացել է շարունակել սկսված բարեփոխումները, և որ «այդ վերափոխումները կընթանան ավելի արագ, եթե խորհրդարանական խմբակցությունները միավորվեն ու քվեարկեն»: