Մայիսի 28-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը և ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը Նյու Յորքում հանդիպել են Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդական Ադամա Դիենգի հետ:
Կողմերն անդրադարձել են Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդականի ու վերջինիս գրասենյակի հետ Հայաստանի ակտիվ համագործակցությանը և համատեղ իրականացվող նախաձեռնություններին: Հիշատակվել է 2018թ. դեկտեմբերի 9-11-ը Հայաստանում տեղի ունեցած «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երրորդ գլոբալ ֆորումը, որը կազմակերպվել էր Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդականի գրասենյակի հետ համատեղ և հատուկ խորհրդական Ադամա Դիենգի մասնակցությամբ:
Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու ևպատժելու կոնվենցիայի իրազեկման բարձրացմանն ուղղված քայլերին, այդ թվում՝ դեկտեմբերի 9-ը «Ցեղասպանության զոհերի հիշատակի և արժանապատվության ու այդ հանցագործության կանխարգելման միջազգային օր հռչակելու մասին» Հայաստանի կողմից ՄԱԿ-ում նախաձեռնված բանաձևին: ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի կողմից ընդգծվել է ժխտողականության դեմ պայքարելու ևցեղասպանության զոհերի հիշատակն ու արժանապատվությունը ոտնահարող հայտարարությունները դատապարտելու անհրաժեշտությունը՝ մարդկության դեմ հետագա հանցագործությունները կանխարգելու համատեքստում: