Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 1-ին Ստեփանակերտի կենտրոնական մարզադաշտում ներկա է գտնվել Անկախ ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիայի (ԿՈՆԻՖԱ) Եվրոպայի առաջնության բացման հանդիսավոր արարողությանը և հանդես եկել ողջույնի խոսքով:
«Թանկագի՛ն հայրենակիցներ,
Հարգարժա՛ն հյուրեր,
Հարգելի՛ մարզիկներ և մարզիչներ,
Սիրելի՛ ֆուտբոլասերներ,
Այսօր Արցախում մեծ և նշանակալի իրադարձություն է. մեր երկրում անց է կացվում Անկախ ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիայի՝ ԿՈՆԻՖԱ-ի Եվրոպայի առաջնությունը:
Արցախ են ժամանել բազմաթիվ հյուրեր տարբեր երկրներից, այդ թվում նաև պետական այրեր: Ուզում եմ ողջունել այստեղ մեզ հետ գտնվող եղբայրական Հարավային Օսիայի Հանրապետության-Ալանիա պետության Նախագահ Անատոլի Բիբիլովին, ԿՈՆԻՖԱ-ի նախագահ Պեր-Անդերս Բլինդին, ԿՈՆԻՖԱ-ի Եվրոպայի կառույցի ղեկավար Ալբերտո Ռիսկիոյին և մեր բոլոր հյուրերին: Մեզ համար մեծ պատիվ է ընդունել ձեզ արցախյան հողում:
Նման միջազգային մարզական միջոցառում մեր երկրում տեղի է ունենում առաջին անգամ, և այն պատշաճ մակարդակով անցկացնելու համար կատարվել է ծավալուն ու քրտնաջան աշխատանք:
Ուզում եմ խորին շնորհակալություն հայտնել Անկախ ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիայի Եվրոպայի առաջնության կազմակերպիչներին, բոլոր նրանց, ովքեր իրենց ավանդն են ունեցել այս գեղեցիկ ու կարևոր մրցաշարի անցկացման գործում: Հուսով եմ, որ ե՛ւ մարզիկները, ե՛ւ ֆուտբոլասերները բավականություն կստանան խաղերից:
Սպորտը, հատկապես ֆուտբոլը, այն բացառիկ բնագավառներից է, որոնք պետք է միավորեն ժողովուրդներին և մարդկանց, ամրապնդեն նրանց միջև բարեկամությունն ու փոխադարձ հարգանքը, նպաստեն կապերի հաստատմանը, խթանեն մարդասիրական շփումներն ու փոխգործակցությունը:
Սպորտը չի ճանաչում սահմաններ և սահմանափակումներ, խտրականություն և երկակի ստանդարտներ: Այն խաղաղության խորհրդանիշ է, որտեղ պայքարն արդար է, և հաղթում է նա, ով ավելի լավ է պատրաստված:
Հարգելի՛ բարեկամներ,
Արցախում ֆուտբոլի նկատմամբ միշտ եղել է հատուկ վերաբերմունք, և մենք ունենք ձևավորված ավանդույթներ: Շատերիս համար մեր լավագույն մարզիկները եղել են ոգեշնչման աղբյուր, յուրաքանչյուր պատանի ուզում էր նմանվել նրանց:
Հուսով եմ, որ այս մրցաշարը ի հայտ կբերի ֆուտբոլային նոր դեմքերի, ովքեր օրինակ կծառայեն մատաղ սերնդի համար և իրենց խաղով մեզ կպարգևեն բազմաթիվ գեղեցիկ ու հիշարժան պահեր, երջանիկ ու տպավորիչ ակնթարթներ՝ այս առաջնությունը վերածելով իսկական մարզական տոնի:
Ես հաջողություն եմ մաղթում բոլորիդ, և թող հաղթի ուժեղագույնը:
Շնորհակալություն», - ասել է Բակո Սահակյանը:
2019-06-01