ԵՄ-ն ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների կողմ չէ, բայց մենք աջակցում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին: Turan գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում այս մասին ասել է Հարավային Կովկասում և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Թոյվո Կլարը, որը այցելել է Բաքու: Այս մասին հայտնում է News.am-ը:
«Իմ դերն այդ ջանքերին աջակցելու մեջ է», - նշել է Կլաարը:
«Նախագահ Իլհամ Ալիևն ինձ տեղեկացրել է այն մասին, թե ինչպես է գնահատում ներկայիս իրավիճակը, ինչպիսին են մարտահրավերները, հնարավորությունները: Այս ամսվա վերջ ես մտադիր եմ այցելել Երևան և շարունակել քննարկումները Հայաստանի ղեկավարության հետ», - շարունակել է ԵՄ ներկայացուցիչը:
Արդյոք Ալիևի հետ հանդիպմանը քննարկվե՞լ է հումանիտար քայլերի իրականացումը, ինչի մասին ավելի վաղ հայտնել էին կողմերը: Պատասխանելով այդ հարցին Թոյվո Կլաարն ասել է, որ այդ թեման շոշափվել է:
«Մենք քննարկել ենք վստահության և փոխըմբռնման հաստատման միջոցները: Հուսով եմ, որ Բաքվում և Երևանում հասկանում են այդ գործընթացի կարևորությունը և ես խնդրեցի նախագահին և արտգործնախարարին ասել, թե Եվրամիությունը ինչպես կարող է օգնել այս գործընթացին», - ասել է Կլարը:
Պատասխանելով հարցին, թե ինչպես կարող է Եվրամիությունը աջակցել խաղաղ գործընթացին, Բրյուսելի ներկայացուցիչը նշել է, որ երկար տարիներ ԵՄ-ն միջոցներ է հատկացնում քաղաքացիական հասարակությանն աջակցելու, բնակչությանը խաղաղությանը նախապատրաստելու ծրագրերին:
Գաղտնիք չէ, որ Բաքուն չի ողջունում Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչների մակարդակով շփումները: Ինչպե՞ս է նման դեպքում հնարավոր այդ ուղղությամբ ԵՄ նախագծերի իրականցումը: Այս հարցին Կլաարն ասել է, որ ԵՄ-ն երկու նման նախագիծ ունի և դրանցից մեկը՝ Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչների հանդիպումը, վերջերս կայացել է Թբիլիսիում:
Բոլորը հասկանում են, որ խաղաղ կարգավորումը անհնար է առանց շփման և միմյանց հասկանալու: Ահա թե ինչու երկրների առաջնորդները պետք է հասկանան, թե որքան կարևոր է դա:
«Ադրբեջանի ղեկավարության հետ այսօրվա հանդիպումներց հետո ինձ մոտ տպավորություն է ստեղծվել, որ նման փոխըմբռնում կա», - ասել է Կլաարը:
Հայաստանում իշխանափոխությունից հետո մեծացել են արդյո՞ք հակամարտության խաղաղ կարգավորման հնարավորությունները: Այս հարցին ԵՄ հատուկ ներկայացուցիչն ասել է, որ Հայաստանի նոր կառավարությունը հավատարիմ է խաղաղ կարգավորմանը և կառուցվածքային երկխոսությանը:
«Այսպիսին է մեր տպավորությունը ՀՀ ԱԳ նախարարի և Հայաստանի այլ առաջնորդների հետ պաշտոնական և ոչ պաշտոնական հանդիպումների շարքից հետո», - ասել է Կլաարը:
Այդ դեպքում ինչու՞ 30 տարի շարունակ կարգավորման հարցում առաջընթաց չկա, եթե բոլորը կառուցողական են տրամադրված: Ի՞նչ է անհրաժեշտ, որ բեկում տեղի ունենա: Այս հարցերին ԵՄ ներկայացուցիչն ասել է, որ ցանկացած հակամարտության համար կարելի է լուծում գտնել:
«Որպեսզի բեկում տեղի ունենա կողմերը պետք է քաղաքական կամք դրսևորեն: Դա մի բան է, որը չի կարող նրանց դրսից տրվել», - ասել է դիվանագետը: