Ամեն տարի Ֆրանսիայի Շամոնի քաղաքում անցկացվող «Մտքերի գագաթաժողովը» («Summit of Minds») այս տարի առաջին անգամ կանցկացվի Հայաստանում: «Armenian Summit of Minds» անվանումը ստացած միջոցառումը կանցկացվի հունիսի 7-9-ը՝ Երևան և Դիլիջան քաղաքներում: Գագաթաժողովի գլխավոր գործընկերը «The Monthly Barometer» վերլուծական հանդեսն է:
Միջոցառման կազմակերպման մասին պայմանավորվածություն էր ձեռք բերվել դեռևս 2018 թվականի սեպտեմբերին, երբ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը որպես գլխավոր բանախոս մասնակցում էր ամենամյա «Մտքերի գագաթաժողովին»:
Հայաստանն առաջին երկիրն է, որը հյուրընկալելու է այս միջոցառումը Շամոնիից դուրս:
«Armenian Summit of Minds»-ի քննարկման հիմնական թեման կունենա «Տարածաշրջանային աշխարհաքաղաքականությունը, տնտեսությունը և ներդրումները. բազմաբևեռության ազդեցությունն առևտրի ու ներդրումային հոսքերի վրա» խորագիրը:
Թեմայի շուրջ զեկույցներով հանդես կգան տարբեր երկրներ ներկայացնող հայտնի բանախոսներ:
Ինչո՞ւ Հայաստանը
Ինչպես նշվում է «Մտքերի գագաթաժողով»-ի պաշտոնական կայքում`«Հայաստանը պատրաստ է հանդես գալ որպես կենսական կամուրջ տարբեր երկրների միջև: Այդ նպատակով նրան անհրաժեշտ է ընկերների աջակցությունը: Ինչպե՞ս կարող է աշխարհը ներդրում կատարել Հայաստանում և տարածաշրջանային երկրներում: Եվ ինչպե՞ս կարող է աշխարհը օգուտներ ստանալ Հայաստանից: Հայաստանում կայանալիք «Մտքերի գագաթաժողովը» յուրահատուկ հնարավորություն է մասնակիցների համար միաժամանակ զգալ հինն ու նորը, որ այդ երկիրն ունի առաջարկելու»:
Գագաթաժողովի նպատակը
Հիմնական նպատակն է ավելի լավ հասկանալ բարդ ու արագ փոփոխվող աշխարհը, ներկայացնել համաշխարհային հետաքրքրություն ունեցող կարևորագույն հարցերի վերաբերյալ նոր գաղափարներ, անմիջական քննարկումների միջոցով փոխվստահելի գործընկերային կապեր հաստատել:
Գագաթաժողովի ընթացքում անցկացվելու են, այդ թվում՝ բացօթյա միջոցառումներ՝ շեշտը դնելով բարօրության և բնության հետ վերամիավորվելու կարևորության վրա:
Ովքե՞ր են «Մտքերի գագաթաժողով»-ի հիմնադիրները
Գագաթաժողովի հիմանդիրներն են Ֆիլիպ Բուրգինյոնը և Թիերի Մալըրեն:
Թիերի Մալըրեն տնտեսագետ է ու գրող, «The Monthly Barometer» ամսագրի հիմնադիրն է:
Ֆիլիպ Բուրգինյոնը ֆրանսիացի գործարար է, Դիսնեյի նախկին գլխավոր գործադիր տնօրենն է: 2003-2004թթ. եղել է Համաշխարհային տնտեսական ֆորումի համանախագահը: Ֆիլիպին և Թիերիին վերջերս միացել են նաև չորս նոր գործընկերներ. Բլեյզ Ագրեստին, Քերոլ Մելտոնը, Օլիվեր Ֆլեյորթը, Թեդ Սաուդերը:
Նրանց ընդհանուր նպատակն է օգնել «The Monthly Barometer» վերլուծական հանդեսի բաժանորդներին տեղեկանալ աշխարհում կատարվող իրադարձություններին:
Ովքե՞ր են հրավիրվում գագաթաժողովին
Գագաթաժողովի մասնակիցները «The Monthly Barometer»-ի բաժանորդներն են: «Մտքերի գագաթաժողովը» Monthly Barometer ամսագրի ամենամյա հավաքն է: Քանի որ մասնակիցների թիվը սահմանափակ է (մինչև 300 մասնակից), այդ իսկ պատճառով «Մտքերի գագաթաժողովի» կազմակերպիչներն ամեն տարի հրավեր են ուղարկում միայն 300 մասնակցի: Ուստի գագաթաժողովին մասնակցելու համար պետք է պարտադիր բաժանորդագրվել ամսագրին:
Գագաթաժողովը միշտ տեղի է ունենո՞ւմ Շամոնիում
Մինչ օրս գագաթաժողովը տեղի է ունեցել իր հիմնադրման վայրում`Շամոնիում: Սակայն հիմնադիր թիմը ներկայումս ցանկանում է գագաթաժողովը տեղափոխել նաև այլ վայրեր:
Ովքե՞ր են զեկույցներով հանդես գալիս
Զեկույցներով հանդես են գալիս բանախոսներ աշխարհի տարբեր երկրներից: Ներկայացնելով տարբեր գաղափարներ և հեռանկարներ` նրանք խթանում են ազատ երկխոսությանը:
Գագաթաժողովի բոլոր մասնակիցները տարբեր ոլորտների մասնագետներ են`քաղաքական գործիչներ, գիտնականներ, գործարար-ներդրողներ, խոշորագույն ընկերությունների և լրատվամիջոցների ղեկավարներ:
Ի՞նչ է «The Monthly Barometer»-ը
«The Monthly Barometer»-ը վերլուծական ամսագիր է, որում ներկայացված են այն մակրո խնդիրները, որոնցով հետաքրքրքված են ժամանակ չունեցող որոշումներ կայացնողները: Մենք ապրում ենք տեղեկատվության ծանրաբեռնվածության դարաշրջանում, որտեղ ավելի ու ավելի դժվար է դառնում առանձնացնել առաջնային ինֆորմացիան երկրորդականից:
Ամսագրի նպատակն է նվազեցնել այդ դժվարությունները` փոխանցելով պարզ (բայց ոչ պարզունակ) և հստակ ուղերձ: