Կոսովոն սպառնում է միավորվել Ալբանիային, եթե Եվրամիությունը շարունակի վերջինիս մեկուսացման քաղաքականությունը: Նման հայտարարություն է արել Կոսովոյի նախագահ Հաշիմ Տաչին՝ նկատի ունենալով Կոսովոյի համար ԵՄ վիզային ռեժիմի ազատականացման «ձգձգվող գործընթացը»:
Չնայած այս հայտարարությունը բարձր մակարդակով արձագանք չստացավ, սակայն բավական լուրջ ազդակներ է պարունակում և անուղղակի պռոյեկցիա կարող է ունենալ նաև Արցախյան հակամարտության համատեքստում:
Անկախանալով Սերբիայից՝ Կոսովոն երբևէ պետական, պաշտոնական մակարդակով չի բարձրաձայնել Ալբանիային միանալու իր մտադրությունների մասին: Եվրամիությունն ու, ընդհանրապես, միջազգային հանրությունն, իրենց հերթին, բավական մեծ ջանքեր են գործադրել Կոսովոյի` որպես պետություն կայացման համար: Չնայած չճանաչվածությանը՝ Եվրամիությունն ուղղակի և՛ ֆինանսական, և՛ խորհրդատվական աջակցություն է ցուցաբերել Կոսովոյի պետական ինստիտուտների կայացմանը: Ավելին, Եվրամիությանն անդամակցելու հեռանկար է ստեղծել Կոսովոյի և Սերբիայի համար՝ հակամարտության վերջնական կարգավորման պարագայում:
Արցախը միջազգային հանրության կողմից նման աջակցություն և օժանդակություն երբևէ չի ստացել: Միջազգային հանրությունը խուսափում է Արցախի անկախությունը ճանաչելուց, կամ վերջինիս պետական ինստիտուտների հետ առնչություններից: Պատճառներից մեկը, այլոց թվում՝ Հայաստանի՝ հակամարտության կողմ լինելն է, ինչպես նաև Հայաստանի հետ միավորվելու վերջնանպատակը:
Այժմ, Կոսովոյի նման հայտարարությունների արդյունքում, իրավիճակը փոխվում է, և այդ տարբերությունն արհեստական է դառնում: Ավելին, Կոսովոյի անկախությունը ճանաչած երկրները, այս գործընթացի խորացման պարագայում, խնդրի առաջ են կանգնելու՝ կա´մ հետ կանչել անկախության ճանաչումը, կա´մ ընդունել Ալբանիային միանալու Կոսովոյի որոշումը:
Այս համատեքստում Հայաստանի և Արցախի արտաքին քաղաքականության համար պատասխանատու գերատեսչություններն աշխատանքի լայն դաշտ են ստանում: Հարկավոր է բարձրաձայնել, որ նոր համատեքստում այդ երկու հակամարտությունների տարանջատումն այլևս արդիական և հիմնավոր չէ, և տրամաբանական է Արցախի պարագայում ևս ակնկալել լայն աջակցություն պետականության կայացման և ժողովրդավարության զարգացման հարցերում: Դա հնարավորություն է ստեղծում կրկին անգամ բարձրաձայնելու նաև Արցախի անկախության ճանաչումից խուսափելու անտրամաբանական և ոչ հիմնավոր լինելը: