ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը քննարկել է գազի գնի հարցը: Նրա խոսքով՝ կարևոր է, որպեսզի համաձայնեցված գինը չարգելակի հանրապետության աճի տեմպերը: Այս մասին նա ասել է «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում:
«Սա իսկապես շատ կարևոր հարց է մեր հարաբերությունների համար, որովհետև, կարծում եմ` մենք այս հարցը քննարկում ենք նաև Եվրասիական տնտեսական միության շրջանակներում: Կարծում եմ` պետք է հասկանալ այս խնդրի բոլոր նրբությունները, որովհետև ես ՌԴ նախագահի հետ հանդիպման ժամանակ ասացի, որ մենք շատ լավ տնտեսական դինամիկա ունենք», - ասել է Փաշինյանը:
Նա նշել է, որ առաջին եռամսյակի արդյունքներով Հայաստանում տնտեսական աճի ցուցանիշը կազմել է 7.1%: «Սա ցույց է տալիս, որ մենք ունենք շատ լավ հնարավորություններ տնտեսական առաջընթացի համար: Մենք սա անվանում ենք տնտեսական հեղափոխություն: Եվ շատ կարևոր է, որ մենք կարողանանք գազի այնպիսի գին համաձայնեցնել, որը չարգելակի մեր տնտեսության տեմպը: Ես հույս ունեմ, որ մենք կկարողանանք համաձայնության գալ, քանի որ մենք Ռուսաստանի հետ ոչ սովորական հարաբերություններ ունենք, ռազմավարական հարաբերություններ և կարծում եմ, որ պետք է լուծել նաև գազի վերաբերյալ ռազմավարական հարցը», - ընդգծել է նա: