Ավարտվեց Արցախում ընթացող ConIFA-ի չճանաչված երկրների Եվրոպայի 2019 թվականի առաջնությունը: Հունիսի 2-ից Արցախի 4 քաղաքների 4 մարզադաշտեր հյուրընկալեցին մրցաշարի հանդիպումները, հայտնում է Armsport-ը:
Մրցաշարին մասնակցում էին Արցախի, Արևմտյան Հայաստանի, Աբխազիայի, Սեկեյի Լանդի, Դոնեցկի, Սապմիի, Չամերիայի, Լուգանսկի, Հարավային Օսիայի և Պադանիայի թիմերը:
Հայկական թիմերից Արցախը պարտվեց խմբային փուլում և հաղթեց միայն 5-րդ տեղի համար պայքարում: Իսկ Արևմտյան Հայաստանի հավաքականը հասավ մինչև եզրափակիչ:
Այսօր՝ հունիսի 9-ին, Ստեփանակերտի Ստեփան Շահումյանի անվան մարզադաշտում կայացավ եզրափակիչ խաղը, որում հայկական թիմը մրցում էր Հարավային Օսիայի հավաքականի հետ:
Հանդիպման առաջին խաղակեսն ավարտվեց առանց խփված գոլերի: Երկրորդ խաղակեսում հաջողության հասան Հարավային Օսիայի ֆուտբոլիստները: Հանդիպումն ավարտվեց 1-0 հաշվով: Արևմտյան Հայաստանի հավաքականը պարտվեց ու զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը: