Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Կոտայքի մարզի Աբովյան համայնքում տեղի ունեցած համայնքի ղեկավարի ընտրություններին, որում ՀՀ-ում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուն պարտվել է գործող քաղաքապետ Վահագն Գևորգյանին:
«Ինչ վերաբերում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուի պարտությանը, ապա մենք հեղափոխությունը հենց դրա համար էլ արել ենք, որ տեղ-տեղ իշխանական թեկնածուները հաղթեն, տեղ-տեղ պարտվեն: Եվ եթե հիշում եք, հեղափոխությունից առաջ երկար տարիներ առաջնային կարգախոսը Հանրապետական կուսակցության մենաշնորհի վերացման անհրաժեշտություն էր: Այս ընտրություններով ևս մեկ անգամ արձանագրվեց, որ Հայաստանը ժողովրդավարական երկիր է, քաղաքացիներն իրավունք ունեն կատարել իրենց ընտրությունը, և իշխանությունը ոչ մի ապօրինի ռեսուրս չի կիրառում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ Աբովյանում տեղի ունեցած ընտրություններում հաղթել է ժողովրդավարությունը: