Օրերս պատրիարքական փոխանորդ Արամ արք. Աթեշյանն այցելել է հայաստանցի ընտանիքին, հայտնել պատրիարքարանի աջակցությունն ու տեղեկացրել, որ հետևում են հարուցված քրեական գործին և ամեն ինչ անելու են, որ հանցագործներն իրենց արժանի պատիժը ստանան:
Ստամբուլում լույս տեսնող «Ժամանակ» օրաթերթը, փոխանցելով պատրիարքական փոխանորդի այցելության լուրը, նաև տեղեկացնում է, որ այդ ընտանիքը որոշել է առաջիկա օրերին վերադառնալ Հայաստան, քանի որ ապրում է վախի մթնոլորտում:
Ինչպես հայտնում է Akunq.net-ը` հղում կատարելով Shantnews-ին, նրանք արդեն լքել են իրենց նախկին տունն ու բնակվում են իրենց ծանոթների մոտ:
Մայիսի վերջին Ստամբուլի Սամաթիա թաղամասում իր վարձակալած տանը հարձակման է ենթարկվել Արփինե անունով հայաստանցի մի կին: Երկու հոգի թակել էին նրա տան դուռը և դանակի հարվածներ հասցրել կնոջը: Վերջինս տեղափոխվել էր հիվանդանոց, այժմ ապաքինվում է: Հանցագործները նաև բղավել են. «Սա դեռ սկիզբն է»: