Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը բարձր է գնահատում Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Կոպիրկինն ասել է հունիսի 11-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում:
«Հայաստանում տեղի ունեցած հայտնի ներքաղաքական փոփոխություններից մեկ տարի հետո մեր հարաբերություններում պահպանվել է շարունակականությունը, սա երևի ամենակարևորն է: Դրանք կայուն զարգանում են, մնում են բարձր մակարդակի վրա և կրում են ռազմավարական գործընկերության բնույթ: Միևնույն ժամանակ այդ հարաբերությունները զարգանում են և ադապտացվում նոր խնդիրներին, նոր իրականություններին ու պահանջմունքներին: Պարբերականորեն տեղի են ունենում շփումներ բարձր մակարդակներում»,- ասել է դեսպանը:
ՌԴ արտակարգ և լիազոր դեսպանը նշել է նաև, որ հայերն իմաստուն ժողովուրդ են, որոնք կարող են լուծել երկրի առջև առկա խնդիրները, իսկ Ռուսաստանը եղել է, կա և կմնա Հայաստանի կողքին: