Թուրքիայի կողմից Կիպրոսի ափերին սկսված նավթագազային հորատման աշխատանքների պատճառով շարունակում են լարված մնալ թուրք-կիպրական հարաբերությունները:
Հունիսի 10-ին Կիպրոսի Հանրապետության ղեկավարությունը հայտարարել էր, որ որոշում է ընդունվել կղզու ափերի մոտ անօրինական հորատման աշխատանքներ իրականացնող թուրքական նավի անձնակազմին ձերբակալել, հայտնում է Ermenihaber-ը:
Այս հայտարարությանը բավականին կոշտ է արձագանքել Թուրքիայի «Պահպանողական առաջընթաց կուսակցության» (MYP) նախագահ Ահմեթ Ռեյիզ Յըլմազը: Վերջինս առաջարկել է մի կողմ թողնել օրենքի ճանապարհը և հարվածել Կիպրոսի հույներին:
«Հույները ոչ թե օրենքով, այլ ապտակով են հասկանում: Լուրջ պետությունը չի խոսում, հարմար պահին հարվածում է: Մի անգամ Օզալը (Թուրքիայի 8-րդ նախագահ) ասաց. «Մեծ աղետ կլինի՞, եթե Հայաստանի վրա մի ռումբ գցենք»: Դրա հետևանքով ինչ ասես եկավ նրա գլխին:
Այժմ պայմաններն ավելի վատ են, քան այն ժամանակ: Թուրքիայի տարածքային ջրերը զավթված են: Թուրքական ծովերը պաշարված են: Հույները, հայերն ու աշխարհի այլ ազգերը վրեժի մոլուցքով շրջափակել են մեզ: Սցենարը նույնն է, դերակատարները՝ նույնպես:
Արդեն անցել է խոսքերի վրա ժամանակ կորցնելու պահը»,- ասել է թուրք ազգայնական գործիչը: