Համահայկական խաղերի պատվիրակությունը հատուկ առաքելությամբ ժամանել է Կիլիկիա: Այս մասին տեղեկանում ենք Համահայկական խաղերի կոմիտեի պաշտոնական էջից:
Մուսա լեռան ստորոտում՝ Վագըֆ գյուղի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցում, Պոլսի Սուրբ Վարդանանց եկեղեցու հագևոր առաջնորդ Հայր Սուրբ Թաթուլ Անուշյանի ձեռամբ նախ պատարագ է մատուցվել` Համահայկական խաղերի հաջող մեկնարկի ու ընթացքի համար: Ապա` եկեղեցու վառվող մոմերից Համահայկական խաղերի ջահը վառելու պատիվը վերապահվել է խաղերի հիմնադիրներից ամերիկահայ բարերար Ալբեր Բոյաջյանին:
ՀԽՀԿ փոխնախագահ Ռոլանդ Շառոյանի կարծիքով՝ այս արարողությունը մեկ անգամ ևս հաստատում է, որ հայ ժողովուրդը աշխարհի որ ծայրում էլ լինի, իր հավաքական միտքն ուղղված է լինելու հայրենիքի միասնության միջոցով պահելուն, պահպանելուն ու զարգացնելուն:
Վառված կրակը Մուսա լեռան գագաթ հասցնելու յուրատեսակ հաղթարշավի բոլոր այլ մանրամասները կցուցադրվեն Համահայկական խաղերի բացման արարողության ժամանակ: