Հոնկոնգի կենտրոնում գտնվող կառավարական շենքերը, որոնց մոտ հունիսի 12-ին բողոքի զանգվածային ակցիաներ են անցկացվել արտահանձման մասին օրենքի ուղղումների դեմ, հինգշաբթի և ուրբաթ օրերին փակ կլինեն անվտանգության նկատառումներով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին ասված է ՉԺՀ-ի հատուկ վարչական շրջանի կառավարության կայքում զետեղված հայտարարության մեջ:
«Անվտանգության նկատառումներով կենտրոնական կառավարության շենքերը ժամանակավորապես փակ կլինեն այսօր և վաղը (հունիսի 13-ին և 14-ին)»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Քաղաքի կենտրոնի կառավարական հիմնարկություններում աշխատող պետծառայողները չպետք է աշխատանքի գան, կառավարական համալիրի բոլոր այցելությունները հետաձգված են կամ չեղարկված: Հոնկոնգում ոստիկաններն արցունքաբեր գազ են կիրառել արմատական ցուցարարների առանձին խմբերի նկատմամբ, որոնք հունիսի 12-ին փորձել են ներխուժել Օրենսդրական խորհրդի համալիր: Կարգի պահապանները բազմությանը զսպել են պղպեղային գազով և ռետինե մահակներով, իսկ այնուհետև կիրառել են արցունքաբեր գազ ևծխագլանիկներ: Բողոքների կազմակերպիչները հայտարարել են, որ Օրենսդրական խորհրդի պաշարումը կարող է շարունակվել մի քանի օր, քանի դեռ իշխանությունները չեն հրաժարվել օրինագծի ընդունման գաղափարից, որը թույլ կտա կարգավորել հանցագործությունների մեծ կասկածվող անձանց ինքնավար Հոնկոնգից մայրցամաքային Չինաստան արտահանձնելու մեխանիզմը: Ըստ վերջին տվյալների՝ բողոքի ակցիաների ընթացքում տուժել և հոսպիտալացվել է 15-ից մինչև 66 տարեկան 72 մարդ, նրանցից երկուսը ծանր վիճակում են: