Հունիսի 13-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության լորդերի պալատի անդամ բարոնուհի Քերոլայն Քոքսի գլխավորած պատվիրակությանը։
Մասիս Մայիլյանը բարձր է գնահատել Քերոլայն Քոքսի գործունեությունը՝ ուղղված միջազգային ասպարեզում Արցախի շահերի պաշտպանությանը, նշելով անկախության տարիների ընթացքում նրա անգնահատելի ներդրումն Արցախի ժողովրդի պայքարի գործում՝ հանուն իր գաղափարների և նպատակների իրականացման։
Հանդիպման ընթացքում արտաքին գործերի նախարարը ներկայացրել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկա փուլը, անդրադարձել է Արցախի միջազգային ճանաչման և ապակենտրոնացված համագործակցության գործընթացի վերջին զարգացումներին: Տեղի է ունեցել նաև մտքերի փոխանակում՝ Արցախում իրականացվող մարդասիրական ծրագրերի հետ կապված մի շարք հարցերի շուրջ: