Չեղարկվել են Ֆրանսիայի 4 քաղաքների և Արցախի քաղաքների միջև ստորագրված բարեկամության հռչակագրերը. Արցախի ԱԳՆ
Չեղարկվել են Ֆրանսիայի 4 քաղաքների և Արցախի տարբեր քաղաքների միջև ստորագրված բարեկամության հռչակագրեր։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեցին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից։
«Արցախի և Ֆրանսիայի թվով 12 քաղաքների և մեկ դեպարտամենտի հետ ստորագրված են Բարեկամության հռչակագրերը։ Ս․ թ․ մայիսի 29-ին Ֆրանսիայի Սերժի-Պոնտուազ համայնքի վարչական դատարանը որոշում է կայացրել Ֆրանսիայի Առնուվիլ քաղաքի ու Արցախի Մարտունու շրջանի Շեխեր գյուղի միջև ստորագրված Բարեկամության հռչակագիրը չեղարկելու մասին։ Հունիսի 11-ին Ֆրանսիայի Վալանս, Բուրգ լե Վալանս և Բուրգ դը Պեաժ քաղաքների իրավաբանական վարչությունները ծանուցում են ստացել առ այն, որ Գրենոբլի վարչական դատարանը չեղյալ է հայտարարել Դրոմի դեպարտամենտ-Արցախ, Վալանս-Ստեփանակերտ, Բուրգ լե Վալանս-Շուշի, Բուրգ դը Պեաժ-Մարտունի համայնքների միջև կնքված Բարեկամության հռչակագրերը: Նշենք, որ սա միայն առաջին ատյանի դատարանի որոշումն է։ Առնուվիլ քաղաքի քաղաքապետ Պասկալ Դոլի մտադրություն է հայտնել բողոքարկել Սերժի-Պոնտուազ քաղաքի վարչական դատարանի վճիռը։ Մյուս 8 քաղաքների հետ կնքված Բարեկամության հռչակագրերը ուժի մեջ են։ Արցախի միջազգային կապերը կշարունակեն ընդլայնվել և խորանալ։ Մասնավորապես, քննարկման փուլում են գտնվում Արցախի համայնքների և տարբեր երկրների վարչական միավորների միջև բարեկամության և համագործակցության նոր հռչակագրեր ստորագրելու մասին առաջարկությունները»,– նշեցին Արցախի ԱԳՆ–ից։