Թեհրանն այս տարվա հունիսի 27-ից հետո իրեն իրավունք է վերապահում 300 կիլոգրամից ավելի հարստացված ուրան պահել երկրի տարածքում՝ հակառակ իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրին, ինչպես նաև դադարեցնում է ծանր ջրի արտահանումը: Այդ մասին, ինչպես հայտնել է ISNA գործակալությունը, հունիսի 17-ին հայտարարել է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ներկայացուցիչ Բեհրուզ Քամալվանդին, գրում է «Արմենպրես»-ը:
«Այսօրվանից մենք ձեռնամուխ ենք լինում ուրանի հարստացմանը, որպեսզի մինչև հունիսի 27-ը գերազանցենք ԳՀՀԾ-ով նախատեսված 300 կիլոգրամի չափով դրա կուտակումների ծավալը,-ընդգծել է Քամալվանդին:-Մենք նաև որոշում ենք ընդունել դադարեցնել ծանր ջրի արտահանումը»: Միջուկային գործարքի համաձայն, Իրանը պետք է այլ երկրներ արտահանի ուրանի ավելցուկները, եթե դրա ծավալները գերազանցում են 300 կիլոգրամը, ինչպես նաև մշակված ծանր ջուրը:
Իրանի ատոմային կազմակերպության ներկայացուցիչը նշել է, որ Թեհրանը ԳՀՀԾ-ի մասնակից եվրոպական երկրներից դեռևս սպասում է գործարքի շրջանակում իրենց պարտավորությունների կատարման գործողություններ: «Եվրոպացիները դեռևս հնարավորություն ունեն ընդունելու այնհրաժեշտ որոշումը: Մեր համբերությունն սպառվել է. մենք սպասում էինք մեկ տարի և 2019 թվականի մայիսի 8-ին տվեցինք ևս երկու ամիս, այնպես որ նրանք դեռևս փոքր-ինչ ժամանակ ունեն իրադրությունը շտկելու համար»,-պարզաբանել է Քամալվանդին: Նա հավելել է, որ Թեհրանը մշտական շփման մեջ է եվրոպական երկրների ներկայացուցիչների հետ: