Վրաստանի հարկադիր վերաբնակների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարար Դավիթ Սերգեենկոն հայտարարել է իր պաշտոնաթողության մասին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
«Սա կարճաժամկետ որոշում չէ, դրան նախորդել են երկարատև կոնսուլտացիաները»,-լրագրողներին հայտնել է Սերգեենկոն: Դրա հետ մեկտեղ նա նշել է, որ մնում է «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» կառավարող կուսակցության անդամ:
Նախնական տվյալներով՝ Սերգեենկոյին փոխարինել է Սաչխերե քաղաքի (Իմերեթի տարածաշրջան) կլինիկայի տնօրեն Եկատերինա Տիկարիձեն: Սերգեենկոն ամենառեյտինգային նախարարներից մեկն էր Վրաստանի կառավարությունում: Նա միակ անփոփոխ նախարարն էր 2012 թվականից ի վեր, այսինքն՝ երկրում իշխանափոխությունից հետո: