ԵՄ, ԱՄՆ և ՌԴ միացյալ դիրքորոշումը Մոլդովայում քաղաքական ճգնաժամի վերաբերյալ օգնեց խուսափել երկրում ներքաղաքական իրավիճակի ապակայունացումից:
Այս մասին Մոլդովայում ԱՄՆ դեսպան Դերեք Հոգանի հետ հանդիպումից հետո գրել է Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնն իր ֆեյսբուքյան էջում:
«Շնորհակալություն հայտնեցի ամերիկյան կողմին նոր լեգիտիմ իշխանությանն ընդունելու համար և ընգծեցի, որ դա նշանակալի դեր է ունեցել իշխանության խաղաղ փոխանցման և երկրում ապակայունացման կանխարգելման հարցում: Համոզված եմ, որ Ռուսաստանի Դաշնության, Միացյալ Նահանգների և Եվրոպական Միության կողմից կոնսոլիդացված աջակցությունը մեծ շանսեր է տալիս Մոլդովայի Հանրապետության հետագա ինտենսիվ զարգացման համար և բացում է նրա պատմության սկզբունքորեն նոր փուլ», - նշել է Դոդոնը:
Հիշեցնենք, որ հունիսի 8-ից Մոլդովայում հաստատվել էր երկիշխանություն, երկրում տիրում էր ներքաղաքական ճգնաժամ: Իրավիճակը ճգնաժամային էր դարձել այն բանից հետո, երբ Սահմանադրական դատարանը Դեմոկրատական կուսակցության մի խումբ պատգամավորների դիմումի հիման վրա նախագահի լիազորություններն Իգոր Դոդոնից ժամանակավորապես փոխանցել էր վարչապետի պաշտոնակատար Պավել Ֆիլիպին` պահանջը հիմնավորելով այն հանգամանքով, որ նախագահը հրաժարվում է ստորագրել խորհրդարանի արձակման և արտահերթ ընտրությունների անցկացման վերաբերյալ հրամանը:
Այժմ կարելի է Մոլդովայի ներքաղաքական ճգնաժամը համարել հանգուցալուծված: Ուրբաթ օրը Դեմոկրատական կուսակցությունը հայտարարել էր իր` ընդդիմություն անցնելու վերաբերյալ: Կուսակցության առաջնորդ, օլիգարխ Վլադիմիր Պլախոտնյուկը լքել է երկիրը մասնավոր ինքնաթիռով: Սահմանադրական դատարանը չեղարկել է հունիսի 7-ից 9-ը կայացրած իր որոշումները, իսկ նոր կառավարությունը վարչապետ Մայա Սանդուի ղեկավարությամբ հունիսի 15-ին առաջին նիստն է անցկացրել:
Եվ սա այն եզակի դեպքերից է, երբ ուժային կենտրոնները կոնսոլիդացված դիրքորոշում հայտնեցին հարցի շուրջ (ինչի պատճառներն առանձին թեմա են)` դրանով իսկ նպաստելով երկրում ստեղծված ներքաղաքական ճգնաժամի հաղթահարմանն ու իրավիճակի կայունացմանը: