Հայաստանի և Եվրամիության Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման ճանապարհային քարտեզը նախատեսում է այդ թվում տնտեսության տարբեր ոլորտներում բարեփոխումների իրականացման հագեցած օրակարգ:
Ուշադրության է արժանի հատկապես տարածքային զարգացմանն ուղղված գործողությունների փաթեթը, որը երկրում կայուն ու իրական տնտեսական աճի ապահովման նախադրյալներից մեկն է: Նախատեսվող գործողությունների շրջանակներում շեշտը դրվել է մարզերում աշխատատեղերի ստեղծման, տարածքային տնտեսական աճի ապահովման վրա:
Մեկ այլ ոլորտի` տնտեսական մրցակցության և սպառողների իրավունքների պաշտպանության իրականացման մեխանիզմներն, ըստ ճանապարհային քարտեզի, պետք է համապատասխանեն եվրոպական լավագույն փորձի կիրառման չափանիշներին:
Եվրոպական փորձի կիրառելիության սկզբունքով են կարգավորվում նաև գյուղատնտեսության ոլորտում նախատեսվող անելիքները:
Առանձնահատուկ ուշադրության են արժանի էներգետիկ ոլորտում կարգավորման մեխանիզմների ներդրումը, որոնց պարագայում բարեփոխումների զգալի մասը պետք է իրականացվեն «ազգային կամ ԵԱՏՄ մակարդակում», ինչպես նշված է ճապանարհային քարտեզում:
Ճանապարհային քարտեզի ուսումնասիրությունը թույլ է տալիս ենթադրելու, որ Եվրամիության հետ համագործակցության համատեքստում ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության փաստը քիչ տեղերում է առաջացնում հատվող շահերի խնդիր: