ԱՄՆ ռազմաօդային ուժերի գեներալ Ջեֆրի Հարիգյանն իսկապես հայկական արմատներ ունի, իսկ հայրական կողմից նրա տատն ու պապը ԱՄՆ են մեկնել Հայաստանից: Այս մասին NEWS.am-ի հարցմանն ի պատասխան ասել է գեներալը:
«Իմ տատն ու պապը հայրական կողմից ծնունդով Հայաստանից են, Երևանից: Նրանք անցնելով ԱՄՆ Էլլիս կղզին բնակություն են հաստատել Չիկագոյում»,- պատմել է գեներալը, որը վերջերս նշանակվել է Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ օդուժի ղեկավարի պաշտոնում:
«Ես մեծացել եմ հայկական կերակուրներով և գրեթե ամեն հանգստյան օր անցկացրել եմ հորս ծնողների տանը»:
Հարիգյանը ռազմական օդաչու է, 1985 թվականին ավարտել է ԱՄՆ ՌՕՈւ Ակադեմիան:
Նա ավելի քան 4100 ժամ թռիչք է իրականացրել F-22 և F-15C ինքնաթիռներով: Գեներալը նաև նշել է, որ ինքն ընտանիքում առաջին զինվորականը չէ.
«Մորեղբայրս ծառայել է բանակում, իսկ մորս հայրը՝ նավատորմում»:
Հարիգյանն ավելի վաղ զբաղեցրել է ԱՄՆ ՌՕՈւ Կենտրոնական հրամանատարության հրամանատարի պաշտոնը, ղեկավարել է Աֆղանստանում թալիբների և Իրաքում ու Սիրիայում «Իսլամական պետության» դեմ օդային արշավը: