Հունիսի 20-ին Վաշինգտոնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի մասնակցությամբ տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը, որի արդյունքներով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես են եկել հայտարարությամբ:
«Քննարկումների ժամանակ մասնակիցները կարծիքներ են փոխանակել տեղերում վերջին զարգացումների և կարգավորման գործընթացի հիմնարար հարցերի շուրջ: ԱԳ նախարարները հստակեցրել են իրենց դիրքորոշումները և ակնկալիքները միջնորդների տարածաշրջանային վերջին այցի ժամանակ առաջարկված մարդասիրական և անվտանգային միջոցառումների իրականացման առնչությամբ:
Ցավով արձանագրելով վերջին կորուստները՝ համանախագահները կոչ են արել կողմերին ձեռնարկել անհապաղ միջոցներ խաղաղությանը և առարկայական բանակցություններին նպաստող մթնոլորտի վերականգման ուղղությամբ։ Միջնորդները կոչ են արել կողմերին վերահաստատել հանձնառությունը՝ անշեղորեն պահպանել հրադադարը և ձեռնպահ մնալ ցանկացած սադրիչ գործողություններից, այդ թվում դիպուկահարների կիրառումից և ինժեներական աշխատանքներից շփման գծում և միջազգայնորեն ճանաչված սահմանին։
Համանախագահների հետ զրույցի ընթացքում ԱԳ նախարարները համաձայնվել են, որ կարևոր է ամբողջությամբ օգտագործել գոյություն ունեցող ուղիղ կապը լարվածության վտանգի նվազեցմանն ուղղված արագ արձագանքման նպատակով:
Արտգործնախարարները պայմանավորվել են մոտ ապագայում հանդիպել ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հովանու ներքո», - ասված է հայտարարության մեջ։