ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հավանություն է տվել Իրանին հարվածելուն այն բանից հետո, երբ այդ երկրի զինված ուժերն ամերիկյան անօդաչու սարք են խփել, բայց ավելի ուշ մտափոխվել է: Այս մասին հայտնում է The New York Times-ը։
«Նախագահ Թրամփը հավանություն է տվել Իրանին ռազմական հարվածներ հասցնելուն՝ ի պատասխան այն բանի, որ խփվել է ամերիկյան հետախուզական անօդաչու սարք, բայց հետո՝ հինգշաբթի երեկոյան մտափոխվել է»,- ասվում է նյութում։
Ինչպես նշվում է հրապարակման մեջ, ԱՄՆ նախագահը «սկզբում հավանություն տվեց հարվածներ հասցնելուն Իրանի ոչ մեծաթիվ թիրախների»։ Աղբյուրի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ը պետք է գրոհն սկսեր Իրանում ուրբաթ արշալույսից առաջ, «որպեսզի նվազագույնի հասցվեր ռիսկն իրանցի զինվորականների կամ քաղաքացիական անձանց համար»։ «Սակայն շուտով զինվորականներին տեղեկացրել են, որ հարվածներ չեն հասցվելու»,- ասվում է նյութում՝ շարունակելով՝ «Պարզ չէր՝ արդյո՞ք Թրամփը պարզապես է մտափոխվել հարվածների հարցում, թե՞ վարչակազմն է փոխել ծրագրերը լոգիստիկ կամ ռազմավարական այլ նկատառումներով»։ Առայժմ պարզ չէ, թե արդյոք դեռևս հարվածներ կհասցվեն։