Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը վավերացրեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Կորեայի Հանրապետության կառավարության միջև ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին» համաձայնագիրը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ նախագիծն Ազգային ժողով է ներկայացրել ՀՀ կառավարությունը:
Հայաստանի Հանրապետության կառավարության և Կորեայի Հանրապետության կառավարության միջև ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին» համաձայնագիրը ստորագրվել է 2018 թվականի հոկտեմբերի 19-ին Երևան քաղաքում: Համաձայնագրով սահմանված են Հայաստանի Հանրապետության և Կորեայի Հանրապետության միջև ներդրումային գործունեության ընդհանուր սկզբունքները: Համաձայնագիրը հնարավորություն է ընձեռում հավասարության և փոխշահավետության հիման վրա ստեղծել բարենպաստ պայմաններ երկու երկրների ներդրողների համար` նպաստելով երկու երկրներում գործարար նախաձեռնությունների խթանմանը: Համաձայնագիրը յուրաքանչյուր կողմի ներդրողին երաշխավորում է լիարժեք պաշտպանություն և անվտանգություն, ինչպես նաև արդար և հավասար ռեժիմ միջազգային իրավունքին համապատասխան:
Համաձայնագիրը վավերացվեց միաձայն՝ 102 կողմ ձայնով: