Հունիսի 21-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Իրաքի Քրդիստանի ինքնավար մարզի նախկին փոխվարչապետ և ֆինանսների նախարար Սարգիս Աղաջանին՝ ուղեկցությամբ Իրաքի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Ավագ արքեպիսկոպոս Ասատուրյանի: Այս մասին տեղեկանում ենք Մայր Աթոռի ֆեյսբուքյան էջից:
Զրույցի ընթացքում Նորին Սրբությունն իր երախտագիտությունն է հայտնել հյուրին` դժվարին տարիներին Իրաքում տարբեր ազգությունների քրիստոնյաներին՝ այդ թվում նաև հայերին, ցույց տրված աջակցության և անվտանգ ապաստան տրամադրելու համար:
Հայոց Հայրապետն իր մասնավոր գնահատանքն է բերել տիար Աղաջանին Դհոք քաղաքում հայկական Սուրբ Ներսես Շնորհալի եկեղեցու և հայկական Հավրեզք բնակավայրի կառուցումը հովանավորելու, ինչպես նաև Էրբիլ քաղաքի հայկական նորակառույց Սուրբ Խաչ եկեղեցու տարածքը բարեկարգելու համար:
Իր հերթին պրն. Սարգիս Աղաջանը, շնորհակալություն հայտնելով Նորին Սրբությանը ջերմ ընդունելության համար, հավաստիացրել է, որ շարունակելու է իր օգտակարությունն ու աջակցությունը բերել Իրաքի քրիստոնեական համայնքներին: Վերջինս տեղեկություններ է փոխանցել Վեհափառ Հայրապետին Իրաքում բնակվող քրիստոնյաների ներկայիս կացության մասին:
Հանդիպման վերջում Նորին Սրբությունը տիար Սարգիս Աղաջանին մաղթել է Աստծո պահպանության ներքո շարունակելու իր աստվածահաճո և արդյունավոր գործունեությունը: