Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի, սակայն վերջին շրջանի զարգացումներն իրենց ազդեցությունն են թողնում բանակցային գործընթացի վրա: Այսօր Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների` Վաշինգտոնում կայացած հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, փոխանցում է Սպուտնիկ Արմենիան:
«Մենք պետք է զգուշորեն մոտենանք և հավատարիմ մնանք այն համաձայնություններին, որոնք ձեռք ենք բերել նախորդ ամիսներին: Եվ դա մեր այսօրվա բանակցությունների շատ կարևոր մասն էր»,- ասել է Մնացականյանը։
Նա կարևորել է քաղաքական կամքի առկայությունը՝ առաջնային խնդիր համարելով համապատասխան միջավայրի ապահովումը: Նախարարը նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները շարունակվում են հայտնի սկզբունքների շուրջ, սակայն յուրաքանչյուր համաձայնություն պետք է հիմնվի փոխզիջման վրա՝ ի նպաստ Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի բնակչության։ Մնացականյանի գնահատմամբ` զինադադարի խախտումները կարևոր մարտահրավերներ են: «Անհրաժեշտ է նվազեցնել լարվածության մեծացման սպառնալիքը, որի միջոցով հնարավոր կլինի ապահովել համապատասխան միջավայր՝ առաջ շարժվելու համար»,- ասել է նա։