Ադրբեջանի և Հայաստանի միջև շարունակում են բավականին լուրջ տարաձայնություններ լինել: Այս մասին ասել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը` մեկնաբանելով Վաշինգտոնում ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպումը, հայտնում է minval.az-ը:
«Ընդհանուր առմամբ, կարող եմ ասել, որ առաջարկները նույնն են: Տասնհինգ տարի մենք տեսնում ենք միևնույն գաղափարները, խաղաղության նույն ծրագիրը»,- ասել է Մամեդյարովը:
Արտգործնախարարն ընդգծել է, որ հանդիպման շրջանակում անցկացվել են «ինտենսիվ և խորքային» բանակցություններ: Մամեդյարովը հավելել է, որ համանախագահները հավելյալ փաստաթղթեր են ներկայացրել առավել բովանդակալից բանակցությունների համար:
«Մանրամասների հարցում որոշ տարաձայնություններ կային, սակայն, ինչպես ասում են, քննարկումների ժամանակ ամենակարևորը հենց մանրուքներն են: Մենք գիտակցում ենք, որ անհրաժեշտ է ավելի շատ քաղաքական կամք դրսևորել: Շփման գծում իրավիճակը չպետք է խոչընդոտի դեպի խաղաղության պայմանագիրը կամ հռչակագիրը տանող առաջընթացին»,-ասել է Մամեդյարովը: