Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին կոչ է արել իր բոլոր կողմնակիցներին՝ հունիսի 21-ին վերստին գալ Թբիլիսիի Ռուսթավելիի պողոտա՝ վերջ դնելու «Վրացական երազանք» իշխող կուսակցության առաջնորդ Բիձինա Իվանիշվիլիի կառավարմանը, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը:
«Այժմ բոլոր տարաձայնություններն անհրաժեշտ է մի կողմ դնել: Բոլոր նրանք, ովքեր սիրում են Վրաստանը, այդ թվում՝ իմ բոլոր կողմնակիցները, պետք է դուրս գան, որպեսզի հեռացնեն Իվանիշվիլիի ռեժիմը»,-հայտարարել է Սահակաշվիլին սոցցանցում տեսահեռարձակման ժամանակ:
Նրա խոսքով՝ «անթույլատրելի է, որ միջնադարյան ֆեոդալը կառավարի Եվրոպայի մասը դառնալու հավակնող երկիրը»:
«Այդ մարդը ավերել է Վրաստանի տնտեսությունը, և միլիոնավոր վրացիներ են փախել երկրից, իսկ երեկ նա մինչև վերջ ծիծաղեց մեզ վրա ու հողին հավասարեցրեց»,-ասել է Սահակաշվիլին:
«Այդ մարդը պետք է հեռանա և վերադարձնի այն ամենը, ինչ գողացել է վրաց ժողովրդից՝ միլիարդավոր լարիներ վերջին հինգ տարվա ընթացքում»,-հավելել է Սահակաշվիլին: