Հայաստանն առաջին ոսկե մեդալը նվաճեց երկրորդ Եվրոպական խաղերում, տեղեկացնում է ՀԱՕԿ-ը։
Սամբիստ Տիգրան Կիրակոսյանը (52 կգ) դարձավ Բելառուսի մայրաքաղաք Մինսկում անցկացվող Եվրոպական խաղերի ոսկե մեդալակիր։
Վճռորոշ գոտեմարտում հայ սամբիստը մրցեց Ադրբեջանի ներկայացուցիչ Ագհասիֆ Սամադովի հետ և 4։0 հաշվով հաղթանակ տարավ։
Տիգրան Կիրակոսյանը պայքարը սկսել էր 1/4 եզրափակիչից, որտեղ վստահ հաղթանակ էր տարել Ուկրաինայի ներկայացուցիչ Ռոման Բրատչենկոյի նկատմամբ՝ 7։0։
Կիսաեզրափակիչ փուլում Կիրակոսյանն առավելության էր հասել Ռուսաստանի ներկայացուցիչ Անդրեյ Կուբարկովի նկատմամբ (3։3):
Այսպիսով, Եվրոպական խաղերում Հայաստանը ներկայացնող 6 սամբիստները 3 մեդալ նվաճեցին։
Հունիսի 22-ին արծաթե մեդալակիր էր դարձել Դավիթ Գրիգորյանը (82 կգ), այսօր բրոնզե մեդալ նվաճեց Արսեն Ղազարյանը (74 կգ), իսկ Տիգրան Կիրակոսյանը դարձավ չեմպիոն։
Մաքսիմ Մանուկյանը (57 կգ), Ասյա Լալազարյանը (48 կգ) և Գրիգոր Սահակյանը (90 կգ) պարտվեցին բրոնզե մեդալի համար պայքարում։