Արևմտյան երկրներն անտեսում են Վրաստանում ազգայնականության և ռուսատյացության դրսևորումները: Այս մասին ասել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ռուսական տարածաշրջանային հասարակական կազմակերպությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Արևմտյան կուրատորները պատրաստ են աչք փակել ազգայնականների, ռուսատյացության վրա, միայն թե խզեն մեր երկրի հետ Վրաստանի ժողովրդի բոլոր կապերը, վերաշարադրեն մեր ընդհանուր պատմությունը»,- ասել է նա:
«Մենք սթափ ենք գնահատում համաշխարհային ասպարեզում Միացյալ Նահանգների և նրանց դաշնակիցների դերը»,- հավելել է ՌԴ ԱԳ նախարարը:
Սակայն, նրա խոսքով, Ռուսաստանը ոչ մեկից իրեն չի մեկուսացնում, երկխոսությունից չի հեռանում այն հարցերում, որտեղ համատեղ փոխշահավետ աշխատանքի հնարավորություն կա ամբողջ մարդկության համար ընդհանուր խնդիրների լուծման ուղղությամբ, ինչպիսիք են ահաբեկչությունը, թմրաթրաֆիքը, կազմակերպված հանցավորությունը և զանգվածային բնաջնջման զենքի տարածման վտանգները: