Աշխատանքային այցով Ժնևում գտնվող Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը Մարդու իրավունքների խորհրդի 41-րդ նստաշրջանին հանդես է եկել ելույթով: Ելույթից մի հատված ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է ԱԳ նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը, փոխանցում է Panorama.am-ը:
«Լեռնային Ղարաբաղը մարդիկ են։ Այն 150 հազար անհատ մարդիկ են՝ արժանապատվությամբ, պատասխանատվությամբ ու իրավունքներով։ Ինչպես ցանկացած այլ ժողովուրդ, նրանք իրավունք ունեն ազատ օգտվել իրենց անքակտելի իրավունքներից` բոլորից, ներառյալ ինքնորոշման իրավունքը՝ ազատորեն որոշելու իրենց քաղաքական կարգավիճակը և ազատորեն իրականացնելու իրենց տնտեսական, սոցիալական և մշակութային զարգացումը: Նրանց կարգավիճակում կյանքի իրավունքը հատկապես վտանգված է, քանի որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի էկզիստենցիալ ֆիզիկական անվտանգությունը մնում է ամենամեծ կայուն սպառնալիքը: 1990-ականների սկզբին մարդկային անվտանգության հանդեպ արատավոր հարձակումները, Լեռնային Ղարաբաղի դեմ կրկնվող ագրեսիան 2016 թ. ապրիլին, հայերի սպանությունների համար մարդասպանների շարունակվող փառաբանումը, համակցված կառավարության կողմից հովանավորվող հակահայկական քարոզչությամբ ու քսենոֆոբիայով, ներկայացնում են հակամարտության հիմնական պատճառները»,-ասել է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Ժնևում։
ԱԳ նախարարը նշել է, որ հակամարտության լուծման ու տարածաշրջանում երկարատև խաղաղության բանալին Լեռնային Ղարաբաղի ժողովրդի մարդկային անվտանգության և իրավունքների ճանաչումն է: