Հունիսի 24-ին ԵԽԽՎ-ում քվեարկության է դրվել Ռուսաստանի խորհրդարանական պատվիրակությանը Վեհաժողով վերադարձնելու վերաբերյալ հարցը: Հայաստանի պատվիրակության ղեկավարը դեմ է քվեարկել այդ հարցին առնչվող բանաձևին:
«Ուժեղացնելով Խորհրդարանական Վեհաժողովի որոշումների կայացման գործընթացը հավատարագրման և քվեարկության վերաբերյալ» անվանումը կրող փաստաթուղթը քվեարկության է դրվել հունիսի 24-ին:
Բանաձևը հենվում է ԵԽԽՎ զեկույցի վրա, որով «Վեհաժողովը կոչ է անում Ռուսաստանի Դաշնությանը, համաձայն իր պարտավորությունների, պատվիրակություն նշանակել Վեհաժողովում և շարունակել կատարել իր վճարումները Կազմակերպության բյուջե»:
Դրանից առաջ բանավեճ է անցկացվել «Վերջ դնելով Ռուսաստանի շանտաժին. Նախարարների կոմիտեի պահանջը՝ հաշվետու պահել Ռուսաստանի Դաշնությանն իր անդամավճարը չվճարելու համար» թեմայով:
Հայաստանի ԱԺ պատվիրակության երկու անդամները՝ Էդմոն Մարուքյանը և Նաիրա Զոհրաբյանը կողմ են քվեարկել բանաձևին, իսկ Ռուբեն Ռուբինյանը՝ դեմ:
Հայաստանի պատվիրակությունից քվեարկության իրավունք ունեն Ռուբեն Ռուբինյանը, Էդմոն Մարուքյանը, Նաիրա Զոհրաբյանը և Հովհաննես Իգիթյանը:
Ընդհանուր բանաձևին կողմ է քվեարկել 118, դեմ՝ 62, ձեռնպահ՝ 10 ԵԽԽՎ պատվիրակ: