Բաղդադը ոչ մի պարագայում ԱՄՆ-ին թույլ չի տա Իրաքի տարածքում գտնվող ամերիկյան ռազմաբազաներն օգտագործել Իրանին ռազմական հարված հասցնելու համար: Այդ մասին CNN-ին տված հարցազրույցում հայտարարել է Իրաքի նախագահ Բարհամ Սալեհը:
«Մենք չենք ցանկանում, որ մեր տարածքը վերածվի միջանկյալ հենակետի մեր որևէ հարևանի դեմ ցանկացած թշնամական գործողության համար՝ այդ թվում Իրանի», - ընդգծել է Սալեհը: «Դա միանշանակ Իրաքի կառավարության և Միացյալ Նահանգների միջև համաձայնագրի բաղկացուցիչ մասը չէ»,- հավելել է նա, հիշեցնելով, որ ԱՄՆ-ի և հակաահաբեկչական կոալիցիայի զորքերը Իրաքում են այդ երկրի իշխանությունների հրավերով՝ կատարելու «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը «հակազդելու միակ խնդիրը»:
Օտարերկրյա զորակազմերի ներկայության ժամկետը «կախված կլինի իրաքյան կառավարության պահանջմունքից և մեր հրամանատարության կողմից օպերատիվ իրադրության վերլուծությունից»,- հավաստիացրել է Իրաքի նախագահը: