ԱՄՆ-ի վարչակազմի կողմից հունիսի 24-ին Իրանի իշխանությունների դեմ սահմանված խիստ պատժամիջոցները խոչընդոտում են այդ երկրի շուրջ ստեղծված իրադրության դիվանագիտական կարգավորմանը: Այդ մասին ասված է հունիսի 25-ին հրապարակված ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատի իրավաբանական կոմիտեի անդամ դեմոկրատ Դայն Ֆայնսթայնի գրավոր հայտարարության մեջ:
«Իրանի գերագույն ղեկավարի դեմ պատժամիջոցների սահմանումը և վիրավորանքների փոխանակումը միայն ավելի անհասանելի է դարձնում հակամարտության դիվանագիտական կարգավորումը»,- ընդգծել է սենատորը:
Նա հիշեցրել է, որ Թեհրանը «վերջին պատժամիջոցները որակել է դիվանագիտության դռների վերջնական փակում»: «Դա ոչ ոքի շահերին չի համապատասխանում: Մենք պետք է հնարավոր ամեն ինչ անենք բանակցությունների սեղանի շուրջ վերադառնալու համար»,- հայտարարել է Ֆայնսթայնը: Սենատորը կոչ է արել ԱՄՆ-ի վարչակազմին՝ դադարեցնել էսկալացման այս ցիկլը, հրաժարվել Իրանի հետ բանակցություններում չհիմնավորված նախապայմաններից և իսկական դիվանագիտական ջանքեր գործադրել: