Թուրքիան այս շաբաթ աշխարհին ներկայացավ որպես ժողովրդավարական երկիր. հունիսի 23-ին Ստամբուլի քաղաքապետի ընտրություններում ձայների 54 տոկոսով հաղթեց ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության թեկնածու Էկրեմ Իմամօղլուն:
Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության թեկնածու, նախագահ Էրդողանի մտերիմ համախոհ, Թուրքիայի նախկին վարչապետ և խորհրդարանի խոսնակ Բինալի Յըլդըրըմը, ով ստացել էր ընտրողների 46 տոկոսի քվեն, շնորհավորեց Իմամօղլուին՝ ընդունելով իր պարտությունը:
Թուրքիայի պարագայում նման սցենարը քիչ հավանական էր թվում: Մարտի 31-ին Թուրքիայում կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքում Էրդողանը հրաժարվեց ընդունել Ստամբուլի ընտրությունների արդյունքները, որտեղ ձայների փոքր-ինչ այլ հարաբերակցությամբ Իմամօղլուն հաղթել էր Յըլդըրըմին: Արդյունքում նշանակվեցին Ստամբուլի քաղաքապետի կրկնակի ընտրությունները:
Ստամբուլը Թուրքիայի քաղաքական կյանքում բավականին կարևոր նշանակություն ունի: Այստեղ կենտրոնացած է Թուրքիայի բնակչության մոտ 20 տոկոսը, այն երկրի ֆինանսատնտեսական կենտրոնն է: Էրդողանն, ով իր քաղաքական կարիերան սկսել է 1994 թվականին Ստամբուլի քաղաքապետ ընտրվելով, բազմիցս նշել է` «եթե դու հաղթել ես Ստամբուլում, դու հաղթել ես Թուրքիայում»: Այսպիսով, ստացվում է, որ Էրդողանը Իմամօղլուին տեսնում է որպես երկրի պոտենցիալ ղեկավար և բնականաբար իր իշխանության համար լուրջ մրցակից: Հարց է առաջանում՝ ի՞նչը ստիպել Էրդողանին այս անգամ ընդունել ընտրությունների արդյուքները կամ թույլ տալ նման արդյունքների արձանագրումը:
Ստամբուլի Բեյլիքդուզու շրջանի ղեկավար, 49-ամյա Իմամօղլուի վճռական հաղթանակն Էրդողանի թիմակցի նկատմամբ խոսում է այն մասին, որ Թուրքիայի հասարակության առնվազն առաջադեմ հատվածը փոփոխություններ է ցանկանում: Հիշեցնենք, որ մարտին կայացած ՏԻՄ ընտրություններում ընդդիմությունը հաղթել էր նաև մայրաքաղաք Անկարայում և Իզմիրում:
Թուրքիայում վերջին տարիներին տնտեսական խնդիրները գնալով ավելի են արմատավորվում, երկրում չհայտարարված տնտեսական ճգնաժամ է, ինչի հետևանքով հասարակության մոտ սոցիալ-տնտեսական դժգոհությունները գնալով ավելի են աճում՝ մեծացնելով բողոքի ակցիաների հավանակնությունը: Նախկինում այդ խնդիրներից հասարակության ուշադրությունը հնարավոր էր լինում շեղել ներքաղաքական տարբեր հարցերով՝ այդ թվում քրդերի և գյուլենականների դեմ պայքարով, բայց, ինչպես ցույց տվեցին մարտի 31-ի ընտրությունները, այդ խաղաթղթերն այժմ այդքան էլ արդյունավետ չեն: Նաև հասարակության ուշադրությունը շեղող հաջողություններ չկան արտաքին քաղաքականությունում՝ ավելին, գնալով խորանում են թուրք-ամերիկյան հակասությունները, Սիրիայում թուրքական ծրագրերի իրականացման հեռանկարը դարձել է բավականին մշուշոտ, Եվրոպայի հետ հարաբերություններն էլ լավատեսություն չեն առաջացնում:
Նման պայմաններում Ստամբուլում երկրորդ անգամ Իմամօղլուի հաղթանակը չընդունելը կամ առավել ևս դրան խոչընդոտելը կարող էր առիթ դառնալ բողոքի ակցիաների, որոնք կարող էին տարածվել երկրի ողջ տարածքով: Բանականաբար, նման սցենարը թուրքական իշխանությունների համար ցանկալի չէ: Ամենայն հավանակնությամբ, ժողովրդավարության նման դրսևորմամբ Էրդողանը ցանկանում է ժամանակ շահել և սպասել ավելի լավ ժամանակների: