Հայաստանի համար առաջնահերթություն է Լեռնային Ղարաբաղի ֆիզիկական անվտանգությունը: Հունիսի 27-ին մամուլի ասուլիսին այս մասին ասել է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հերթական հայտարարությունները, հայտնում է News.am-ը:
Մեկնաբանելով ադրբեջանական կոլլեգիայի հայտարարությունները՝ որոշ փաստաթղթերի և առաջարկների մասին, նախարարը նշել է, որ Վաշինգտոնում հանդիպման ժամանակ քննարկվել է հարցերի լայն շրջանակ:
Նրա խոսքով՝ հանդիպման առանձնահատկությունն այն էր, որ այն ընթանում էր լարվածության աճի պայմաններում, ինչը չէր կարող չանդրադառնալ հանդիպման վրա:
Այդ կապակցությամբ կողմերը քննարկել են լարվածության նվազեցման հնարավորությունները, թե ինչպես խուսափել հետագա քայլերից, որոնք կարող են ավելի սրել իրավիճակը:
Նախարարը հույս է հայտնել, որ հնարավոր կլինի պահպանել իրավիճակը բանակցությունները շարունակելու համար: Որպես բաղադրիչ նա նշել է մարդկանց միջև շփումների անհրաժեշտությունը և մթնոլորտի ստեղծումը, որը բացառում է ատելության քարոզչությունը: Միևնույն ժամանակ, անհրաժեշտ է շարունակել աշխատանքը էսկալացիայի ռիսկը նվազեցնելու համար: Այս համատեքստում նախարարը նշել է Դուշանբեի և նախորդ պայմանավորվածությունների իրականացման կարևորությունը:
Նախարարը հիշեցրել է, որ զոհերի և հրադադարի ռեժիմի խախտումների առկայության դեպքում առաջնային է դառնում միջադեպերի հետաքննման մեխանիզմներ ստեղծելու և Կասպրշիկի խմբի հնարավորությունների ավելացման անհրաժեշտությունը: Այդ առաջարկները նոր չեն, դրանք ուղղված են իրավիճակի կայունության պահպանմանը, նկատել է ԱԳ նախարարը:
«Մենք չենք հավատում, որ լարվածության պայմաններում հնարավոր է արդյունավետ առաջընթաց: Բանակցություններում սպառնալքիների լեզուն չի աշխատում: Մենք հավատում ենք մեզ և մեզ հետ սպառնալիքների լեզվով խոսել չի ստացվի», - ասել է նա:
Ինչ վերաբերում է բանակցություններում Արցախի մասնակցությանը, ապա մեզ համար դա առաջին հերթին բանակցությունների արդյունավետության բարձրացման համար է, նշել է նախարարը: Բանակցությունների բովանդակության առումով նախարարն ընդգծել է Արցախի կարգավիճակի և ճանաչման և ժողովրդի ինքնորոշման իրավունքների իրականացման հարցերը:
Նրա խոսքով՝ հաջորդ հանդիպման մասին կհաղորդվի, երբ այն համաձայնեցվի: