Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունները միմյանց մեկական ձերբակալվածի են փոխանակել:
Ինչպես հայտնում է ԿԽՄԿ երևանյան պատվիրակությունը, փոխանակումը տեղի է ունեցել այսօր՝ հունիսի 28-ին, Իջևանի Կայան բնակավայրի մոտ՝ ԿԽՄԿ ներկայացուցիչների միջնորդությամբ:
ԿԽՄԿ ներկայացուցիչները պարբերաբար այցելել և ստուգել են նրանց պահման պայմանները և ապահովել են նրանց կապը ընտանիքների հետ:
Նշենք, որ խոսքը Հայաստանի քաղաքացի Զավեն Կարապետյանի և Ադրբեջանի քաղաքացի Էլվին Իբրահիմովի մասին է:
«Հայաստանի Հանրապետությունը, հավատարիմ մնալով միջազգային մարդասիրական իրավունքի նորմերին և իր ստանձնած միջազգային հանձնառություններին, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) օժանդակությամբ և նրա հովանու ներքո իրականացրեց ս.թ. մարտի 16-ին ՀՀ պետական սահմանն ապօրինի հատած Էլվին Արիֆ Օղլու Իբրահիմովին Ադրբեջան տեղափոխելու գործընթացը:
Հունիսի 28-ին Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության և Հայաստանի պատկան մարմինների ներկայացուցիչների ուղեկցությամբ վերոնշյալ անձը հանձնվեց Ադրբեջանում ԿԽՄԿ պատվիրակության և Ադրբեջանի իշխանությունների ներկայացուցիչներին:
Հայաստանի Հանրապետությունն այս հումանիտար քայլն իրականացրել է առանց որևէ նախապայմանի», ասված է ԱԳՆ հաղորդագրության մեջ:
Նշվում է նաև, որ հունիսի 28-ին Հայաստանի իշխանությունների և Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության ներկայացուցիչներին է փոխանցվել 2017թ. հունիսի 20-ին չբացահայտված պայմաններում Ադրբեջանի տարածքում հայտնված ՀՀ քաղաքացի Զավեն Կարապետյանը: