Էրդողանը իր խոսքում նշել է, որ երկու երկրների միջև հարաբերությունների զգալի առաջընթաց է գրանցվել, հաղորդում է «Արմենպրես»-ը։
«S-400 համակարգերի տրամադրման միջոցով մեր համագործակցությունն էլ ավելի մեծ առաջընթաց կունենա: Այդ հրթիռային համակարգերը մեր կողմից շատ են կարևորվում», - հայտնել է նա:
Էրդողանը նաև հայտարարել է, որ իրենց համար ամենաշատ կարևորվող հարցերից մեկն էլ Աքքույուի ատոմակայանի շահագործումն է, որտեղ բավականին մեծ ներդրում ունի նաև Ռուսաստանը:
Ռուսաստանի նախագահ Պուտինը նշել է, որ երկու երկրների միջև շարունակվելու են մեծածավալ էներգետիկ ծրագրերը: «2018թ. երկու երկրների միջև առևտրի ծավալները աճել են 15 տոկոսով: Երկու կողմից էլ մոտավորապես 10 միլիարդ դոլարի փոխադարձ ներդրումներ են տեղի ունեցել», - նշել է նա:
Պուտինը խոսել է երկու երկրների միջև զբոսաշրջության ոլորտում գրանցված առաջընթացի մասին «Անցյալ տարի Թուրքիա է այցելել 6 միլիոն ռուս զբոսաշրջիկ: Սա ռեկորդային ցուցանիշ է: Ռուս զբոսաշրջիկները բավականին գումար են ծախսում Թուրքիայում, որից վերջինս ունենում է մոտավորապես 5 միլիարդ դոլար եկամուտ»,- եզրափակել է նա: