Աշխարհի և Եվրոպայի առաջնությունների բազմակի չեմպիոն, Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր Արթուր Ալեքսանյանն իր մեդալների հավաքածուին ավելացրեց նաև Եվրոպական խաղերի ոսկե մեդալը, տեղեկացնում է ՀԱՕԿ-ը։
Մինսկում ընթացող երկրորդ Եվրոպական խաղերի հունահռոմեական ըմբշամարտի 97 կգ քաշային կարգի եզրափակիչում Ալեքսանյանը գոտեմարտեց Բելառուսի ներկայացուցիչ Ալեքսանդր Գրաբովիկի հետ և 5։0 հաշվով հաղթանակ տարավ՝ նվաճելով չեմպիոնի կոչումը։
Հիշեցնենք, որ Արթուր Ալեքսանյանը պայքարը սկսել է 1/8 եզրափակիչից, որտեղ 2։1 հաշվով հաղթել է վրացի Ռեվազ Նադարեիշվիլիին։
1/4 եզրափակիչում Ալեքսանյանը 3։1 հաշվով առավելության է հասել Ավստրիայի ներկայացուցիչ Դանիել Գաստլի նկատմամբ, իսկ կիսաեզրափակիչում նույն հաշվով պարտության է մատնել Ռուսաստանի ներկայացուցիչ Ալեքսանդր Գոլովինին։
Հունահռոմեական ըմբշամարտի մրցումներում Հայաստանը ներկայացնում էին նաև Արմեն Մելիքյանը (60 կգ), Կարեն Ասլանյանը (67 կգ), Կարապետ Չալյանը (77 կգ) և Մաքսիմ Մանուկյանը (87 կգ)։
Մելիքյանը պարտվել է մեկնարկում, Ասլանյանը՝ բրոնզե մեդալի համար գոտեմարտում, Մանուկյանը՝ սփոփիչ գոտեմարտում, իսկ Չալյանը դարձել է արծաթե մեդալակիր։