Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի ընտրությունները տեղի են ունենալու հուլիսի 4-ին: Եկեղեցական ավանդույթների համաձայն՝ նոր պատրիարքի ընտրության գործընթացը պետք է գլխավորի պատրիարքական տեղապահը: Թեմայի շուրջ «Արմեդիա ՏՎԳ»-ն ներկայացնում է բացառիկ հարցազրույց պատրիարքական ընդհանուր փոխանորդ Արամ Արքեպիսկոպոս Աթեշյանի հետ:
- Սրբազա´ն Հայր, Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի ընտրության օրը նշանակված է հուլիսի 4-ին: Ի՞նչ ընթացակարգով է այն անցկացվել:
- Ինչպես նշեցիք, տեղապահի ընտրությունները պետության հրահանգով հետաձգվել են հուլիսի 4-ին: Ամսի 4-ին, ժամը 10-ին եկեղեցական դասի անդամներով հավաքվելու ենք Գում Գափուի (Ստամբուլի հայաբնակ թաղամասերից մեկը- խմբ.) մայր եկեղեցում կարճ արարողություն կատարելու համար: Պետք է հավաքվենք պատրիարքարանի դահլիճում: Կարճ խորհրդակցություն տեղի կունենա, որից հետո յուրաքանչյուր հոգևորական գաղտնի քվեարկությամբ իր քվեն կտա: Քվեաթերթիկները պետք է դրվեն ափսեի մեջ, որից հետո երկու հոգևորական պետք է կարդա դրանցում նշված անունները: Քվեների մեծամասնությունն ստացած թեկնածուն էլ կնշանակվի տեղապահի պաշտոնում:
- Ո՞վ կարող է նշանակվել Պոլսո հայոց պատրիարքի տեղապահի պաշտոնում:
- Տեղապահի թեկնածու կարող են դառնալ միայն Պոլսում պաշտոնավարող եպիսկոպոսները:
- Ինչպես հայտնի է, Դուք նույնպես առաջադրելու եք Ձեր թեկնածությունը: Որո՞նք են լինելու Ձեր առաջնահերթությունները:
- Ես նույնպես պահանջներին համապատասխանող եպիսկոպոս եմ և թեկնածու: Միակ առաջնահերթությունս հնարավորինս շուտ պատրիարքական ընտրություններին հասնելն է լինելու, իհարկե, պետության կողմից կանոնադրություն ստանալուց հետո (քանի որ ընտրության համար հստակ կանոնադրություն գոյություն չունի, ամեն անգամ պետությունը հատուկ կանոնադրություն է տալիս, ըստ որի էլ տեղի է ունենում ընտրությունը- խմբ.):
- Հայ համայնքը մեկ ընդհանուր դիրքորոշում ո՞ւնի ընտրությունների հարցում:
- Համայնքը երկու խմբի է բաժանված՝ յուրաքնաչյուրն իր նախընտրած եպիսկոպոսին է ցանկանում տեսնել այդ պաշտոնում:
Զրուցեց Արփինե Մելիքյանը