Իտալացի նկարիչ Դարիո Գամբարինը, որը կտավի և ներկերի փոխարեն օգտագործում է տրակտորը և ահռելի չափերի հասնող դաշտը, նկարել է Ռուսիայի իշխան Վլադիմիրին՝ աշխատանքը նվիրելով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջիկա այցին Իտալիա և Վատիկան:
«ՌԻԱ Նովոստի»-ի հետ հարցազրույցում Գամբարինը բացատրել է, թե ինչու է ընտրել ռուս տիրակալին և ինչպես է նկարվել 200-մետրանոց դիմանկարը:
«Առաջին հերթին նրանց երկուսին անունն է միավորում: 2013 թվականին Ֆրանցիսկոս պապի հետ առաջին հանդիպմանը Պուտինը նրան նվիրեց Վլադիմիրյան Աստվածամոր սրբապատկերը: Ի պատասխան ցանկացա սիրալիրություն դրսևորել ու նվիրել Վլադիմիրի դիմանկարը, որը Ռուսաստանում առավել շատ պաշտվող սրբերից մեկն է»,- ասել է Գամբարինը:
Իշխան Վլադիմիրի դիմանկարը հայտնվել է ցորենի դաշտում՝ բերքը հավաքելու հաջորդ օրը: Այն մոտ 200 մետր երկարություն ունի: Իշխանը պատկերված է թփածածկ մորուքով և հին ռուսական սաղավարտով, որի գագաթը պատկերված է ուղղափառ խաչի ոճով:
Դիմանկարի մակագրությունը կատարված է ռուսերեն՝ «Սուրբ Վլադիմիր»: