Ֆրանսիայի Բուրգ դը Պեաժ քաղաքի քաղաքապետ Նատալի Նիեզոնը նամակ է հղել Արցախի Մարտունի քաղաքի քաղաքապետ Մհեր Խաչատրյանին, որում իր հավատարմությունն է հայտնում երկու քաղաքների միջև ստորագրված Բարեկամության հռչակագրին, փոխանցում է News.am-ը:
«Ցանկանում եմ Ձեզ վստահեցնել իմ անսասան հավատարմության մեջ Արցախի Մարտունի քաղաքի հետ կնքած համաձայնագրին։ Ավելի քան երբևէ բարեկամական այն կապը, որ մենք միասին հաստատել ենք Բուրգ դը Պեաժի և Ձեր համայնքի միջև, արդիական է, և ես ցանկանում եմ, որ մենք շարունակենք այն զարգացնել», - նշված է նամակում:
Նատալի Նիեզոնն ընդգծել է, որ անհանգստանում է Արցախի Հանրապետությունում և մասնավորապես Մարտունիում ապրող հայ բնակչության ճակատագրով: «Ամենևին չեմ թերագնահատում Ձեր իրականության ողջ բարդությունը, սակայն գիտեմ, որ Ֆրանսիական Հանրապետության նախագահը, ում ես սատարում եմ, լիովին կատարում է Մինսկի խմբի համանախագահի իր միջնորդական առաքելությունը: Ես հույս ունեմ, որ ընթացող բանակցությունները, որոնց Ֆրանսիան ակտիվորեն մասնակցում է Արցախի և Ադրբեջանի միջև հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ, սպասված արդյունքը կունենան», - նշել է Նատալի Նիեզոնը։
Բուրգ դը Պեաժի քաղաքապետը նաև նշել է Մարտունի այցելելու իր մտադրության մասին. «Մարտունիում իմ և քաղաքապետարանի ողջ անձնակազմի անունից մենք կբարձրաձայնենք մեր բարեկամության կարևորությունը, որը, վստահ եմ, վառ և հարատև ապագա ունի»։