Իրանի նախագահ Հասան Ռոհանին եվրոպացի գործընկերներին նախազգուշացրել է, որ կիրակի օրվանից սկսած Թեհրանը կսկսի ուրանի հարստացումն իր ուզած մակարդակով իրականացնել:
The Washington Post-ի փոխանցմամբ, այդ կերպ Ռոհանին փորձում է ճնշում գործադրել եվրոպացի գործընկերների նկատմամբ, որպեսզի նրանք երկրի տնտեսությունը թիրախավորող ամերիկյան պատժամիջոցները մեղմելու տարբերակներ առաջարկեն:
Միջուկային պայմանագրի դրույթների համաձայն՝ Իրանն իրավունք չունի ուրանի հարստացումն իրականացնել ավելի քան 3,67%-ով, քանի որ այդ դեպքում նյութը հնարավոր կլինի կիրառել միջուկային ռումբի ստեղծման համար: Սակայն Ռոհանիի խոսքով՝ Իրանն այն իրականացնելու է ավելի քան 3,67%-ով:
«Ինչ չափով ցանկանանք ու ինչ չափով անհրաժեշտ լինի, կիրականացնենք ավելի քան 3,67%-ով»,- ասել է Ռոհանին:
«Մենք խորհուրդ ենք տալիս Եվրոպային և Միացյալ Նահանգներին վերադառնալ բանակցային սեղանին: Վերադառնալ դեպի փոխըմբռնման, ինչպես նաև հարգել օրենքը և ՄԱԿ ԱԽ բանաձևերը: Այդ պայմաններում մենք բոլորս կարող ենք պահպանել միջուկային գործարքը»,- ասել է Ռոհանին: